Search 

Քոլեջի մասին

1950թ. վերջին և 1960թ. սկզբներին Հայաստանում հիմնադրվեցին մի շարք ձեռնարկություններ, որոնք զբաղվում էին հաշվիչ մեքենաների արտադրությամբ: Դրանցից կարելի է նշել ՙԷլեկտրոն՚, ՙմաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը՚ (Մերգելյան), ՙՌելեի՚ գործարանը և այլն: Պահանջ առաջացավ միջնակարգ մասնագիտական կրթությամբ կադրեր պատրաստել: 1960թ. հունիսին Հայաստանի Մինիստրների խորհրդի թույլտվությամբ հիմնադրվեց Երևանի մաթեմատիկայի հաշվիչ մեքենաների տեխնիկումը: Տեխնիկումի առաջին տնօրենն է եղել փորձառու կազմակերպիչ` Անդրեյ Բոյաջյանը (1960- 1963թթ.), որի ջանքերով էլ կազմակերպվել է տեխնիկումը: Հետագայում տնօրեններ են աշխատել` Գարեգին Ստեփանյանը (1962-1967թթ.) , Յուրի Դոլուխանյանը (1989-1992թթ.), Արտաշես Աբրահամյանը (1994 մինչև այսօր): Տեխնիկումի աշխատանքների կազմակերպման գործում կարևոր ներդրումներ են ունեցել ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեններ` Ստեփան Ներսիսյանը (1963-1967թթ.), Գուրգեն Աղանցյանը (1967-1969թթ.), Գառնիկ Ղալերյանը (1969-1989թթ.), Արմեն Բաղդասարյանը (191993-ից մինչև այսօր), ինչպես նաև մեծ վաստակ ունեցող մանկավարժներ (կամ դասախոսներ)` Գրիգոր Գրիգորյանը, Ռուզան Բորյանը, Ալբերտ Ափոյանը, Ռայա Պողոսյանը, Լաուրա Վարդանյանը, Քաջիկ Բախշյանը, Հասմիկ Զադոյանը, Գոհար Բաղդասարյանը, գրադարանավարուհիներ` Օվսաննա Պապյանը, Սվետլանա Սահակյանը, Հեղինե Ալիխանյանը և ուրիշներ: Մինչև 1971թ. ընդունելություն կար միայն 8-ի բազայով երեխաների համար: Բայց 1971թ.-ից առաջին անգամ ընդունելություն սկսվեց 10-ի բազայի վրա, ընդ որում 8-ի բազայով առաջին կուրս, իսկ 10-ի բազայով ` երկրորդ: Տեխնիկումի առաջին խմբերը կազմավորվեցին ՙԷլեկտրամեխանիկական՚ և ՙՍննդաարդյունաբերական՚ տեխնիկումների երկրորդ և երրորդ կուրսերից անջատված խմբերի վրա: Տեխնիկումը այդ ժամանակվանից մինչև 1971թ. սեպտեմբերի 1-ը գտնվում էր այդ տեխնիկումի շենքում, որից հետո տեղափոխվեց ներկայիս շենքը և այնուհետև կառուցվեցին երկու մասնաշենքեր: Տեխնիկումը առաջին տարիներին պատրաստում էր մասնագետներ` մաթեմատիկայի, հաշվիչ մեքենաների և կիսահաղորդչային սարքերի մասնագիտությունների գծով: Հետագայում նաև էլեկտրոնային- հաշվիչ մեքենաների, ավտոմատիկայի, ավելի ուշ` ռոբոտների արտադրության մասնագետների գծով: Ներկայումս մասնագետներ են պատրաստվում` ծրագրավորման և ՀՏՄ, համալիրներ, ցանցեր մասնագիտություններով: 1962թ.-ին տեխնիկումը տվել է իր առաջին շրջանավարտները: 40 տարվա ընթացքում տեխնիկումը տվել է մոտ տաս հազարից ավել շրջանավարտներ, որոնք աշխատանքների վայրերում իրենց դրսևորել են լավագույն կողմերով, իսկ շատերն էլ իրենց ուսումը շարունակել են բուհերում:

Այդ շրջանավարտներից են՝ Հովհաննես Մանդակունի - Խորհրդային Հայաստանի Ֆինանսների և Էկոնոմիկայի փոխնախարար և բանկի կառավարիչ Միշա Մխոյան - ՀՀ Ազգային հերոս (զոհվել է 1992 թվականին, ճակատամարտում) Սամվել Սողոմոնյան - տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՊՃՀ Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի դեկան Բաղդասարյան Արմեն - Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդուարդ Մանև - ՀՀԿ շրջկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Տուրյան - ՀՀԿ շրջկոմի առաջին քարտուղար Ալեքսան Կարապետյան - ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության փոխնախագահ Առաքել Առաքելյան - Կոտայքի մարզի հարկային տեսչության պետ : Ներկայումս իրենց գիտելիքները երիտասարդ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ներ են դնում դասախոսներ` Ս. Քաղքցյանը, Հ. Դանիելյանը, Վ. Օհանջանյանը, Ա. Չարախչյանը, Ա. Գևորգյանը, Ժ. Գալստյանը, Կ. Խաչատրյանը և ուրիշներ: Քոլեջի ուսումնա-նյութական բազան հարստացավ, աշխատանքների դրվածքը բարելավվեց, ուսանողների քանակը ավելացավ, հատկապես 1994թ.-ից հետո, երբ քոլեջի և ՙԻնֆորմատիկա՚ ուսումնագիտաարտադրական միավորումը սկսեցին աշխատել համատեղ: 2000թ. oգոստոսից տեխնիկումը վերանվանվել է ՙԵրևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ՚: Տարիների ընթացքում հարստացել է տեխնիկումը, ապա` քոլեջի ուսումնա-նյութական բազան: Այժմ, քոլեջում սովորում են շուրջ 1300 ուսանողներ, որոնցից 137-ը՝ պետպատվերով: Ուսուցումը կազմակերպված է երկու մասնագիտություններով՝ ՙՀաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում՚ (2203) և ՙՀաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր՚ (2201):

 

Քոլեջում գործում են հետևյալ ուսումնական լաբորատորիաները և կաբինետները՝
1. Ծրագրավորման լեզուների
2. Էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի և արտաքին սարքերի
3. Ուսումնառության մեթոդական, ծրագրային ապահովման և տեխնիկական միջոցների
4. Էլեկտրառադիոչափումների
5. Միկրոսխեմոտեխնիկայի
6. Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական կաբինետ
7. Օտար լեզուների
8. Մաթեմատիկայի, թվային մեթոդների և մաթեմատիկական վիճակագրության
9. Արտադրական և տնտեսական գործընթացների մոդելավորման
10. Կուրսային և դիպլոմային նախագծման
11. Էլեկտրառադիոմոնտաժային արհեստանոց
12. Էլեկտրառադիոչափումների արհեստանոց
13. Մարզահրապարակ, մարզադահլիճ

Ուսումնական պրոցեսում օգտագործվում են 80 հատ Pentium II, Pentium III, Pentium IV համակարգիչներ: Դասընթացների ժամանակ օգտագործվում են քոլեջի դասախոսների կողմից պատրաստված 17 անվանումներով ուսումնմեթոդական ձեռնարկներ: Ուսանողները օգտվում են գրադարանից և ընթերցասրահից: Գրադարանն ապահովված է մասնագիտական, ուսումնական, մեթոդական, գեղարվեստական գրականությամբ և ընդհանուր գրքերի քանակը կազմում է 21000:

Ուսումնա-դաստիարակչական աշխատանքը կատարվում է նախարարության կողմից հաստատված պլաններով և համապատասախան ժամանակացույցերով: Գործում են նաև 4 ամբիոններ՝ ՙՀասարակագիտական, լեզուների և ֆիզ. դաստիարակության՚, ՙԸնդհանուր կրթական և տեխնիկական՚, ՙՀաշվիչ տեխնիկայի միջոցների, համակարգերի, ցանցերի և նորագույն տեխնոլոգիաների՚, ՙԾրագրավորման՚, որոնցում ընդգրկված են 92 դասախոս և որոնցից 7-ն ունեն դոցենտի կոչում: Չնայած հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր կացությանը, քոլեջը շարունակում է զարգանալ և բարգավաճել: